Լրագրողների անվտանգությունը բողոքի ակցիաներ լուսաբանելիս

Լրագրողների անվտանգությունը բողոքի ակցիաներ լուսաբանելիս

Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածը սահմանում է հավաքների ազատությունը։ Ինչպես աշխարհի շատ այլ պետություններում, Հայաստանում եւս քաղաքացիները հաճախ են օգտվում սահմանադրական իրենց այս իրավունքից՝ այդ եղանակով փորձելով իրենց ձայնը հասցնել կառավարող մարմիններին, ինչ-որ հարցերի մասին իրազեկել հանրությանը, հասնել կառավարության հրաժարականին եւ այլն։ Հիմա արդեն դժվար է հիշել մի ժամանակաշրջան, երբ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ չեն եղել Հայաստանում։ Ցույցերը, երթերը, բողոքի արտահայտման մյուս ձեւերը կարող են դուրս գալ նախապես պլանավորած ընթացքից, խաղաղ ցույցերում կարող են հայտնվել սադրիչներ, իրադրությունը կարող է լարվել ինչպես քաղաքացիների ու իրավապահների միջեւ, այնպես էլ ցուցարարների խմբերի։ Եւ այդ գործողությունները լուսաբանելը լրագրողի սովորական աշխատանքի մասն է՝ երբեմն անսովոր, նույնիսկ վտանգավոր դրվագներով։

Ուստի բողոքի ակցիաներ լուսաբանող լրագրողները պետք է իմանան իրենց եւ իրենց գործընկերների անվտանգության պահպանման մի քանի հիմնարար կանոններ, որոնց չտիրապետելը ինչ-որ պահի կարող է առողջություն արժենալ։

Շատ հաճախ բողոքի ակցիաների կամ հանրահավաքների մասին դրանց կազմակերպիչները նախապես հայտարարում են, սակայն լինում են նաեւ ինքնաբուխ հավաքներ, որոնց անցկացման վայրի, ժամի, կազմակերպիչների մասին տեղեկությունները համացանցի շնորհիվ շատ արագ տարածվում են։ Ուրեմն, մինչեւ գործողության վայր գնալը հարկավոր է նախնական պլանավորում ունենալ, ինչը կօգնի առավել համակարգված եւ ապահով աշխատել բողոքի ակցիայի վայրից։

Ինչպես ցանկացած այլ թեմա, այնպես էլ բողոքի ակցիա լուսաբանելիս կարեւոր է, որ լրագրողը (գործուղվող թիմը) նախապես ծանոթ լինի ոչ միայն ակցիայի բովանդակությանը, բարձրացվող խնդիրներին, իմանա կազմակերպիչներին, տեղյակ լինի նրանց հայտարարություններից եւ դրանց արձագանքներից, այլ նաեւ որոշակի պատկերացում ունենա ակցիայի մասնակիցների տրամադրությունների մասին (որոշ դեպքերում դա հնարավոր է, որոշ դեպքերում՝ անկանխատեսելի)։

Մինչեւ բողոքի ակցիայի վայր մեկնելը խմբագրությունում կարելի է անցկացնել քննարկում՝ ինչպես է լուսաբանվելու այն, խմբագրակազմից ում հետ է մշտական կապի մեջ լինելու դրսից աշխատող լրագրողը (գործուղվող թիմը), ինչ ճանապարհով է փոխանցվելու տեղեկությունը (բազմամարդ հավաքներում ինտերնետ կապը կարող է չաշխատել, եւ կարիք լինի հեռախոսային կապով փոխանցել տեղեկությունը), եւ այլն։

Infocom-ի խմբագրությունում բողոքի ակցիաներ լուսաբանելու գնացող լրագրողը (գործուղվող թիմը) մշտական կապի մեջ է լինում ոչ միայն խմբագրի, այլ նաեւ խմբագրությունից աշխատող «աջակցող» լրագրողի հետ, որը ուղիղ հեռարձակումները պահում է ուշադրության կենտրոնում, որպեսզի լրագրողի հետ կապը կորցնելու դեպքում խմբագրակազմը կարողանա արագ որոշումներ կայացնել (փնտրել լրագրողի հետ կապ հաստատելու ձեւեր, մեկնել ակցիայի վայր, եթե կա տեղեկություն, որ իրավիճակը լարված է)։

Կարեւոր է, որ լուսաբանման մեկնող թիմի անդամները որոշակի ներդաշնակեցման փուլով անցնեն՝ միասին պլանավորեն աշխատելու ընթացքը, որոշումների կայացման մեխանիզմները, հնարավոր տարբեր զարգացումների դեպքում քայլերի հաջորդականությունը, եւ այլն։ Նախընտրելի է, որ գործուղվող թիմի անդամները միասին աշխատելու փորձառություն ունենան, հակառակ պարագայում ցանկալի է, որ ծանոթանան միմյանց հուզական եւ ֆիզիկական վիճակին։ Մինչեւ բողոքի ակցիա լուսաբանման մեկնելը լրագրողն (գործուղվող թիմը) ինքն իր հետ, ապա եւ խմբագրի հետ պետք է քննարկի՝ արդյոք զգացմունքային կայուն վիճակո՞ւմ է եւ պատրա՞ստ է զգայուն իրավիճակում աշխատել։ Պետք է հասկանալ՝ արդյոք վերջին ամիսներին լրագրողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եղե՞լ է այնպիսին, որ թույլ տա նոր ծանրաբեռնված եւ վտանգավոր իրավիճակում աշխատել, արդյոք լրագրողը ունի՞ բավարար մասնագիտական (եւ ոչ միայն) հմտություններ՝ լարված եւ/կամ վտանգավոր իրավիճակներում աշխատելու համար:

Եթե կասկած ունենաք, որ պատրաստ չեք լուսաբանման մեկնելու, ապա անպայման բարձրաձայնեք դրա մասին՝ խուսափելու հետագա բարդություններց։ Հնարավոր է, որ առաջին հայացքից ձեզ թվա, թե ձեր հուզական վիճակը կայուն է, եւ դուք պատրաստ եք լարված իրավիճակում աշխատանքին։ Սակայն նկատի ունեցեք, որ առանց հանգստի տեւական ժամանակ աշխատելը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող են զգացնել տալ փոքր իսկ խթանի դեպքում, օրինակ՝ բորբոքված ցուցարարի կոպիտ արտահայտությունները կարող են գրգռել ձեր նյարդերը եւ այլն։ Փորձեք հիշել՝ արդյոք վերջին շրջանում դյուրագրգիռ չե՞ք եղել, սթրեսային իրավիճակներում կարողացե՞լ եք կառավարել ձեր հույզերը, չունե՞ք այնպիսի անձնական խնդիրներ, որոնք կարող են ծանրաբեռնել ձեր միտքը եւ շեղել ուշադրությունը, արդյոք թիմի հետ աշխատանքային հարաբերությունները կայո՞ւն են, եւ այլն։

Այսպիսով, բողոքի ակցիաներ լուսաբանելու գնալուց առաջ կազմեք ռիսկի գնահատման անհատական պլան։ Դրա համար հարկավոր է պատասխանել մի քանի հարցի․

– Ով․ ովքեր կան ձեր թիմում, նրանք ինչ պարտականություններ եւ հմտություններ ունեն։ Քննարկեք պարտականությունների փոփոխության հարցը։ Մտածեք, թե ում կարող եք հանդիպել այն վայրում, ուր գնում եք։

Այս պարագայում մինչեւ հանրահավաքի/բողոքի ակցիայի անցկացման վայր գնալը 
քննարկեք, թե ձեր թիմի անդամներից յուրաքանչյուրն ինչ պարտականություն եւ պատասխանատվություն ունի, օրինակ՝ լուսանկարիչը եւ լրագրողը ողջ ընթացքում աշխատում են իրար մոտ տարածությունից, նրանցից ոչ ոք ռիսկի չի դիմում ավելի լավ կադր ունենալու կամ ավելի լավ հարց տալու համար։ Հստակ որոշեք, թե թիմից ով է որոշումներ կայացնելու լարված իրավիճակներում, եւ պայմանավորվեք, որ այդ որոշումները չեն քննարկվելու․ օրինակ, եթե թիմի պատասխանատուն պնդում է, որտեղանքն ապահով չէ աշխատանքի համար, եւ պետք է այդտեղից հեռանալ, ապա գործընկերները հետեւում են այդ որոշմանը։ Հաշվի առնելով, որ կարող են լինել անկանխատեսելի իրավիճակներ, պլանավորեք նաեւ, թե պարտականությունների փոփոխության դեպքում ով ինչ գործառույթներ է ստանձնելու, դա վերաբերում է նաեւ որոշումներ կայացնող անձի փոփոխությանը։

Ծանոթանալով բողոքի ակցիայի կազմակերպման մասին տեղեկություններին՝ քննարկեք, թե ովքեր են նախաձեռնողները, քաղաքական ինչ հայացքներ ունեցող անձինք են նրանք, կա՞ն հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց հետ կարող եք հարցազրույց ունենալ, փորձեք ճշտել՝ արդյոք իրավապահները հանրահավաքի/ակցիայի վայրում ծառայություն իրականացնելո՞ւ են, երթերն ուղեկցելո՞ւ են (այդ մասին տեղեկությունները կարող եք շտել Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից)։

– Ուր․ ուր եք գնալու․ ծանոթացեք աշխարհագրական դիրքին, եղանակային պայմաններին։ Քննարկեք, թե որտեղ կարող եք մտնել, եւ որտեղ ոչ, տեղին առնչվող ինչ կարեւոր գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։

Ուսումնասիրեք բողոքի անցկացման վայրի քարտեզը։ Համացանցը դրա համար լայն հնարավորություններ է տալիս․ եթե երբեւէ չեք եղել այդ վայրում, կարող եք Google համակարգի քարտեզի արբանյակային պատկերներով մանրամասն ուսումնասիրել տարածքի օբյեկտները, ճանապարհները եւ այլն։ Google քարտեզի street view գործիքը հնարավորություն կտա տեղանքը դիտել 360 աստիճան լուսանկարներով։

Սովորաբար, երբ բողոքի ակցիաները կազմակերպվում են կառավարական շենքերի մոտ, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում դրանց հարակից տարածքում, փակում է մուտքերը, կանգնեցնում է շենքերի մոտ գտնվող փողոցների երթեւեկությունը, ուստի հնարավոր է, որ բողոքի անցակցման վայր հնարավոր չլինի գնալ տրանսպորտային միջոցներով, եւ կարիք լինի քայլելու, ինչպես նաեւ պետական շենքերին մոտենալ կամ ներս մտնել առհասարակ հնարավոր չլինի, նույնիսկ եթե պետական կառույցներում հավատարմագրված լինելու վկայական ունեք։

– Ինչու․ ինչու եք գնում այդտեղ, որոնք են ձեր նպատակները, դրանք հստա՞կ են, հասկանալի՞ են, որոշակի՞ են, քննարկեք, թե ինչ պետք է ստանաք եւ ինչպես։

Խմբագրակազմի եւ գործուղվող թիմի հետ մանրամասն քննարկեք, թե ինչ նյութ եք նախատեսում պատրաստել, ում հետ եք զրուցելու, ինչ եք լուսանկարելու կամ տեսանկարահանելու, թիմի անդամներից յուրաքանչյուրն ինչ առաջադրանք ունի, ինչ ծավալի բովանդակություն եք հավաքելու։

– Ինչ․ ինչ առարկաներ եւ սարքեր են ձեզ պետք լուսաբանման եւ անվտանգ լինելու համար։ Ձեզ մոտ եղած սարքերը, առարկաները կարո՞ղ են ավելացնել ձեր ռիսկի մակարդակը։

Քննարկեք, թե ձեր նախատեսած աշխատանքի եւ կանխատեսած արդյունքի համար ինչ սարքեր եւ տեխնիկա է հարկավոր՝ ձայնագրիչ, տեսախցիկ, դրա համար նախատեսված աքսեսուարներ (շտատիվ, հավելյալ օբյեկտիվ), պայուսակներ, առաջին օգնության պարագաներ, տաք հագուստ, ջուր եւ այլն։ Վերլուծելով Հայաստանում տարբեր տարիների եղած բողոքի ակցիաները՝ կարող ենք փաստել, որ դրանց մասնակիցները ոչ միշտ են հանդուրժող լրագրողների աշխատանքի  հանդեպ եւ հիմնականում չեն սիրում հայտնվել օբյեկտիվի ուղիղ կենտրոնում։

Բայց մեր ժամանակներում որակյալ, հագեցած լրագրողական աշխատանքների համար պարտադիր չէ ունենալ մեծ ու ծանր տեխնիկա։ Այժմ սմարթֆոնները լայն հնարավորություններ ունեն՝ դրանցով հնարավոր է թե ձայնագրել, թե բարձր որակի նկարահանում իրականացնել։ Ուստի ձեր ուղղությամբ հավելյալ բացասական  ուշադրություն չկենտրոնացնելու համար մեծ ու տեսանելի տեխնիկան կարող եք փոխարինել ավելի կոմպակտ սարքերով, որոնք չեն նյարդայնացնի մարդկանց եւ թույլ կտան ավելի ապահով իրականացնել մասնագիտական գործունեություն։

Նախնական պլանավորման փուլում խմբագրությունում պետք է քննարկել, թե ինչ տեխնիկա, սարքավորումներ են հարկավոր լրագրողին (գործուղվող թիմին), տրամադրել անհրաժեշտ պարագաները, ապահովել սարքերի լիցքավորման միջոցներով, ինչպես նաեւ ուսումնասիրել ակցիայի անցկացման վայրի քարտեզը՝ ծանոթանալով ճանապարհներին, տեղանքում գտնվող օբյեկտներին։

Բողոքի ակցիա լուսաբանելու գնալուց առաջ անպայման լիցքավորեք ձեր բոլոր սարքերի մարտկոցները։ Ձեզ հետ ունեցեք հավելյալ մարտկոցներ, USB լարեր, լիցքավորիչ (էներգաբանկ/power bank), շարժական ինտերնետ սարք, հավելյալ կրիչներ։ Ձեզ մոտ պահեք անձը հաստատող փաստաթղթերը եւ դրանց պատճենները, այդ թվում լրատվամիջոցի ձեր վկայականը։

Ապահովագրեք ձեր սարքերը․ հուսալի գաղտնաբառեր դրեք ոչ միայն ձեր մեսենջերներին, սոցիալական ցանցերի հաշիվներին, այլ նաեւ հեռախոսներին եւ մյուս սարքերին։ Կարեւոր տեղեկությունները կրկնօրինակեք եւ պահեք ամպի մեջ (cloud), սարքերում մի պահեք այնպիսի անձնական տեղեկություններ, որոնք կարող են հայտնվել չարամիտների ձեռքում։

Ցանկալի է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները տիրապետեն առաջին օգնության բազային հմտությունների․ դրանք ոչ միայն բողոքի ցույցերի ժամանակ կարող են օգտակար լինել, այլ ընդհանրապես կյանքում։ Բողոքի ակցիա լուսաբանելու գնալիս ձեզ հետ վերցրեք առաջին օգնության պարագաների նվազագույն ցանկ՝

– ստերիլ անձեռոցիկներ,
– հակասեպտիկ եւ ախտահանիչ միջոց (օր՝․ բետադինի լուծույթ),
– վիրակապ,
– էլաստիկ վիրակապ,
– տուռնիկետ (արնահոսությունը կանգնեցնող լարան),
– բժշկական ձեռնոցներ,
– կպչուն սպեղանիներ,
– բժշկական սկոտչ,
– ձեռքերի ախտահանման միջոց,
– մկրատ, գրիչ, բժշկական դիմակ եւ այլն։

Առաջին օգնության եւ այլ հմտություններ ձեռք բերելու լավագույն տարբերակներից մեկը պարբերաբար համապատասխան դասընթացներ անցնելն է։ Ցանկալի է, որ նման դասընթացները նախաձեռնի հենց խմբագրությունը, ինչպես նաեւ աշխատակիցներին ապահովի համապատասխան տեխնիկայով, սարքավորումներով, պաշտպանիչ եւ առաջին օգնության պարագաներով՝ չմոռանալով նաեւ հոգեբանական պատրաստվածության մասին։

 

Բողոքի ակցիայի վայր հասնելուն պես առաջին բանը, որ պետք է անել, իրադրությանը ծանոթանալն է։ Դրա համար կարելի է անցնել չորս իրար հաջորդող քայլերով․

– Դիտարկում․ ճիշտ որոշում կայացնելու համար նախ պետք է դիտարկել
իրադրությունը՝ շուրջը եւ ձեր հոգեվիճակը։
– Կողմնորոշում․ դիտարկումից հետո պետք է գնահատել իրադրությունը։
– Որոշում․ որոշում կայացրեք միայն դիտարկելուց եւ կողմնորոշվելուց հետո։ Երբ չկա մտածելու շատ ժամանակ, կայացրած որոշմանը պետք չէ կասկածել։
– Գործողություն․ միայն վերը նշված երեք կետերից հետո կատարեք որոշած գործողությունը։

Այսպիսով, բողոքի ակցիայի վայրում մինչեւ լուսաբանմանն անցնելը ուշադրություն դարձրեք, թե

– որքան մարդ է հավաքվել, որ կողմում են նրանք,
– որտեղ են տեղակայված իրավապահների ուժերը,
– ինչ փողոցներ կան տարածքում,
– ինչ օբյեկտներ կան տարածքում (կառավարական շենքեր, ուժային կառույցների շենքեր, բնակելի շենքեր),
– որ կողմից է աշխատելն ավելի անվտանգ,
– ակցիայի մասնակիցները լարված են, թե ոչ,
– լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բացասական վերաբերմունք առկա է, թե ոչ,
– իրադրության լարման դեպքում որ կողմ կարելի է շարժվել,
– բախումների ժամանակ ինչ անվտանգ տեղեր կարելի է գնալ եւ այլն։

Լրագրողի վկայականը՝ բեյջը, մշտապես պետք է լինի տեսանելի տեղում՝ կրծքին, թեեւ դա ոչ միշտ է «պաշտպանիչ» հանդիսանում։ Լուսաբանելու ժամանակ ճեպազրույցներ, հարցազրույցներ անելիս պատշաճ ներկայանալը հիմնականում մեր օգտին է աշխատում, իսկ եթե զրուցակցի կողմից նկատվում է անբարյացակամություն, պարզապես պետք չէ լարել իրավիճակը, քանզի բողոքի ակցիաների ժամանակ հույզերը գերիշխող են, եւ մարդիկ կարող են արձագանքել շատ ավելի էմոցիոնալ, քան այլ իրավիճակում։

Եթե ցուցարարները բացասաբար են տրամադրված լրագրողների հանդեպ, մի սրեք իրավիճակը՝ փորձելով համոզել, թե դուք «լավն եք», պարզապես հեռացեք այդ հատվածից։ Բողոքի ակցիաները լինեն բազմամարդ, թե սակավամարդ՝ կա մի կարեւոր կանոն՝ չպետք է կանգնել ոստիկանների եւ ցուցարարների մեջտեղում։ Դա ամենավտանգավոր տեղն է, քանի որ հնարավոր բախումների ժամանակ մշտապես տուժում են հենց առաջին շարքում կանգնած անձինք՝ լինեն ակցիայի մասնակիցներ, թե ոստիկաններ։ Ստորեւ ներկայացնելով մի կադր՝ այս տեքստում առաջին, բայց ոչ վերջին անգամ շեշտում ենք, որ որեւէ կադր առավել կարեւոր չէ, քան ձեր առողջությունը։

(նկար)
Առաջին շարքում կանգնած ոստիկանը՝ մահակով, եւ հրմշտոցին դիմադրող քաղաքացու ձեռքը, 12

հունիսի, 2024թ․

Վերոբերյալ կադրը անելու պահին Infocom-ի լրագրողը հայտնվել է բախման կենտրոնում՝ այդպիսով նաեւ հարված ստանալով ոստիկանի մահակից, թեեւ նրա վկայականը եղել է տեսանելի, եւ նրան որպես լրագրող նույնականացնելը՝ հնարավոր։ Նման իրավիճակներում հայտնվելու դեպքում փորձեք անհապաղ դուրս գալ բազմության միջից՝ անցնելով ոչ թե ոստիկանների եւ քաղաքացիների արանքով, այլ փորձելով շարժվել հետ՝ դեպի ցուցարարների թիկունք, եթե նրանց կողքից շրջանցելու հնարավորություն չկա։ Եթե աղմուկ է, եւ հետ անցնելու ձեր խնդրանքը չի լսվում, ապա լրագրողի վկայականը պարզեք վեր, որպեսզի այն տեսանելի լինի մարդկանց համար։ Առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս եկեք լարված բազմության միջից՝ հիշելով, որ որեւէ կադր թանկ չէ ձեր առողջությունից։

Մի մնացեք ցուցարարների շարքերում, որպեսզի ամբոխին չխառնվեք եւ չնույնականացվեք որպես ցուցարար։ Իրավիճակը կարելի է դիտարկել նաեւ կողքից, իսկ եթե լուսանկարելու եք, ամենաանվտանգ դիրքը որեւէ բարձր կետում է, եւ ոչ ամբոխի մեջ։

Իրավապահների եւ քաղաքացիների միջեւ բախումները ինչպես կարող են լինել րոպեական, այնպես էլ երկարատեւ եւ վտանգավոր․ առաջին շարքերում կանգնած քաղաքացիներին կարող են բաժին հասնել մահակների հարվածներ, միմյանց ուղղությամբ կարող են նետվել տարբեր առարկաներ՝ դատարկ պլաստիկե շշերից մինչեւ քարեր, հրմշտոցից կարող եք ընկնել, ուստի դա վստահաբար այն կետը չէ, որտեղ պետք է հայտնվել։

Ոստիկանների թիկունքում կանգնելը եւս լավ միտք չէ, քանի որ, ինչպես նշեցինք վերեւում, ոչ միայն կարելի է դառնալ նետվող առարկաների թիրախ, այլ նաեւ ընկալվել որպես «այնկողմնակից»՝ այդպիսով հավելյալ ագրեսիա կենտրոնացնելով ձեր նկատմամբ։ Ցուցարարների մեջ կանգնելն էլ իր հերթին կարող է վտանգավոր լինել։ Ուրեմն, հիմնվելով գործնական փորձառության եւ բազմաթիվ խորհրդատվությունների վրա, կարող ենք փաստել, որ լուսաբանելու համար լավագույն տեղը հնարավոր բախումների կիզակետից այն կողմ է։ Եթե տարածքում լինեն ծառեր, պատեր, ապա դրանք անպայման աչքի տակ ունեցեք, որովհետեւ դրանց հետեւում կարելի է թաքնվել թռչող առարկաներից, իրավապահների հատուկ միջոցներից։

Մեկ անգամ չէ, որ Հայաստանում բողոքի ակցիաների ժամանակ իրավապահները կիրառել են հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ։ Լրագրողները եւս տարբեր տարիների հայտնել են դրանց թիրախում․ այս տեքստը գրելու պահին նման վերջին օրինակը 2024թ․ հունիսի 12-ի բողոքի ակցիան է։ Այդ օրը, երբ խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխան էր ընթանում, եւ այնտեղ էր նաեւ ՀՀ վարչապետը, քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Ոստիկանության ուժերը կենտրոնցած էին Դեմիրճյան փողոցում, ցուցարարները հավաքված էին Բաղրամյան փողոցում։ Ակցիայի ժամանակ իրավիճակը մի քանի անգամ լարվեց, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հրմշտոց, ապա քաշքշուք եղավ, ինչից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ բարձրացան հարակից այգու պատնեշի վրա՝ անցնելու ոստիկանների թիկունք՝ դեպի խորհրդարանի մուտքերից մեկի մոտ, իրավապահները կիրառեցին 25-ից ավելի լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանության ծառայողները նռնակները նետեցին ոչ միայն քաղաքացիների ուղղությամբ, այլ նաեւ լրագրողների, որոնք գտնվում էին քաղաքացիների ու ոստիկանների մոտակայքում՝ այգուն հարակից տարածքում։ Ստորեւ բերվող լուսանկարում ակնհայտ է, որ լուսաձայնային նռակը նետվում է հենց լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ։ 

(նկար)
Ոստիկանները լուսաձայնային նռնակը նետում են լրատվամիջոցների ներկայացուցիչների
ուղղությամբ, 12 հունիսի, 2024թ

Հարկ է նշել, որ ոստիկանությունը ժամեր տեւող ակցիայի ժամանակ վստահաբար արձանագրել էր, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները որ հատվածից են իրականացնում մասնագիտական գործունեություն։ Սա եւս փաստում է, որ ակցիայի կիզակետին մոտ կանգնելը լավ միտք չէ, հատկապես, երբ լրագրողների հանդեպ բռնությունները եզակի դեպքեր չեն։

Հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ տասնյակ քաղաքացիներ եւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ են վնասվել լուսաձայնային նռնակների բեկորներից։ Նման ռիսկը հաշվի առնելով, ինչպես նշել ենք վերեւում, ցանկալի է, որ լրատվամիջոցի ներկայացուցիչն ունենա առաջին օգնության պարագաներ։

Կարող է առաջանալ ոչ միայն ինքներդ ձեզ, այլեւ գործընկերոջը կամ այլ անձանց առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն։ Ուստի առաջին օգնության պայուսակը պահեք հեշտ հասանելի տեղում (օր՝․ ամրացրեք գոտուն)։ Infocom-ի աշխատակիցներն առնվազն երկու անգամ հայտնվել են իրավիճակում, երբ կարիք է եղել առաջին օգնություն ցուցաբերել բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք վնասվածքներ էին ստացել լուսաձայնային նռնակներից։ Մի դեպքում օպերատորը իր գոտիով կանգնեցրել է քաղաքացու ոտքից արնահոսությունը, մյուս դեպքում՝ լրագրողը վիրակապել է բեկորներից առաջացած վնասվածքները։ 

Այս երկընտրանքը՝ վավերագրե՞լ, թե՞ օգնություն ցույց տալ, մշտապես առկա է․ ինքներդ եք որոշում կայացնում, միանշանակ պատասխան չկա։ Այնուհանդերձ, եթե որոշել եք օգնություն ցույց տալ քաղաքացիներին կամ ձեր գործընկերոջը, արեք դա առավել ապահով վայրում՝ բախման կիզակետից հեռու, եթե վնասվածքը անձին տեղափոխելու հնարավորություն տալիս է։ Վնասվածք ունենալու դեպքում ինքներդ էլ հեռացեք անվտանգ տարածք, քանի որ հատուկ միջոցների կիրառումը կարող է կրկնվել, բախումները կարող են չդադարել։ 

Ոստիկանությունը, ինչպես նշեցինք, բողոքի ակցիաների ժամանակ կարող է կիրառել հատուկ միջոցներ՝ ռետինե մահակներ, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ։ Վերջին տարիներին Հայաստանում եղած բողոքի ակցիաների ժամանակ բոլոր չորս միջոցներն էլ կիրառվել են։ Ջրցան մեքենաներից կարելի է պաշտպանվել՝ պատսպարվելով ծառերի, պատերի հետեւում, իսկ եթե այդպիսիք տարածքում չկան, ապա ծնկեք՝ մեջքով դեպի ջրցան մեքենան, ձեռքերով պահեք գլուխը՝ հակվելով գետնին։ Նկատի ունեցեք, որ ջրի ուժեղ շիթը կարող է տեղաշարժել ձեզ։ Եթե ձեզ մոտ կա ուսապարկ, այն հագեք թիկունքին՝ որպես հավելյալ պաշտպանիչ միջոց։

Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակներին եւ արցունքաբեր գազին, ապա դրանց պարագայում պաշտպանությունը որոշակի նախապատրաստություն է ենթադրում։

Լուսաձայնային նռնակները, ինչպես ենթադրվում է հենց անունից, կարճաժամկետ ապակողմնորոշող, հոգեկամային վիճակը ճնշող միջոցներ են, որոնք արձակում են բարձր ձայն եւ լույս։ Հունիսի 12-ի բողոքի ցույցի ժամանակ, օրինակ, ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» տեսակի ձեռքի լուսաձայնային նռնակ, որի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է (Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է)։ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է հանգեցնել նույնիսկ ականջի թմբակաթաղանթի լուրջ վնասի։ «Զարյա 3» տեսակի նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):

 Լուսաձայնային նռնակների կիրառման դեպքում լսողությունը պաշտպանելու համար հարկավոր է բացել բերանը եւ փակել ականջները (ափերով կամ ականջակալներով կամ այլ խցաններով)։ Նռնակի պայթյունից նաեւ ծխի ամպ է գոյանում, որը կարճ ժամանակում ցնդում է։ Թեեւ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով սահմանված է, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը պետք է գործածվի միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մ հեռավորության վրա, սակայն ոստիկանությունը հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ նռնակները նետել է հենց մարդկանց ուղղությամբ։ Նման հատուկ միջոցի կիրառման դեպքում առաջին իսկ պայթյունից հետո փորձեք հնարավորինս հեռանալ ամբոխի մոտից եւ նկատի ունեցեք, որ կողմնորոշումը կորցրած մարդիկ առաջացնում են հրմշտոց, ուստի ցանկալի է ելքեր փնտրել ոչ թե նրանց միջով, այլ շրջանցելով։

Լուսաձայնային (եւ ոչ միայն) նռնակներից նաեւ մանր բեկորներ են առաջանում, որոնք կարող են վնասել փափուկ հյուսվածքները՝ առաջացնելով արնահոսող վերքեր, թեթեւ այրվածքներ եւ պատռվածքներ։ Դրանցից պաշտպանվելու համար ձեզ մոտ ունեցեք երկարափողք եւ երկարաթեւ հագուստ։ Հատուկ միջոցներ կիրառելուց առաջ ոստիկանությունը պարտավոր է հավաքի մասնակիցներին լսելի եղանակով իրազեկել այդ մասին․ եթե իրազեկումը պատշաճ կատարվի, դուք ժամանակ կունենաք պաշտպանիչ միջոցներ ձեռնարկելու։ Դեպքի վայրից հեռանալուց հետո զննեք ձեր մարմինը, քանի որ լույսից, ձայնից եւ հարվածից առաջացած շոկից առաջին պահին կարող եք նկատած չլինել հնարավոր վերքերը։

Հիշեք, որ բողոքի ցույցի վայրից չի կարելի վերցնել որեւէ առարկա՝ լինի դա դատարկ տարա, թե տարօրինակ բեկոր, թե այլ բան․ առաջինի պարագայում դուք կարող եք նույնացվել ցուցարարի հետ, մյուս դեպքերում անհասկանալի առարակները կարող են լուրջ վնաս պատճառել ձեզ, քանի որ կարող են լինել չպայթած նռնակ կամ նռնակի վտանգավոր բեկոր։ Այդպիսի դեպք եղել է հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ, երբ ցուցարարը վերցրել է գետնին ընկած նռնակը, այն պայթել է իր ձեռքում, ինչի պատճառով կորցրել է մատները։

Եթե ձեր մարմնի մեջ բեկորներ են մտել, ոչ մի պարագայում դրանք մի փորձեք հանել ինքնուրույն, այլ դիմեք մասնագիտական օգնության։ Մինչ այդ, եթե ունեք առաջին օգնության հմտություններ, ստերիլ եղանակով վիրակապեք վերքը։ Ցանկացած վնասվածքի պարագայում վիրակապելու դեպքում միաժամանակ զանգեք շտապօգնություն․ դա անելու ամենահարմար տարբերակը զանգը բարձրախոսի վրա դնելն է, իսկ եթե տարածքում կան այլ մարդիկ, խնդրեք նրանց զանգահարել։ 

Արցունքաբեր գազի կիրառումը ոչ միայն ապակողմնորոշման, հոգեճնշման, նաեւ ցավ պատճառելու համար է (պայթյունից տարածվում է թունավոր գազի ամպ)։ Արցունքաբեր գազի կիրառման դեպքում սովորաբար լսվում է սուլոց (դա չի նշանակում, որ ցանկացած կրակոցից հետո լսվող սուլոց գազային նռնակի կիրառման նշան է)։ Արցունքաբեր գազի կիրառման դեպքում այրոց է առաջանում աչքերի, քթի, բերանի շրջանում, մաշկի վրա, տեսողությունը պղտորվում է, արցունքներ են հոսում, առաջանում է հազ, շնչառությունը դժվարանում է։

Արցունքաբեր գազի կիրառման դեպքում կանգնեք քամուն հակառակ ուղղությամբ, հնարավորության դեպքում շուտափույթ հեռացեք այդ վայրից՝ փորձելով քիչ քանակությամբ օդ շնչել։ Արցունքաբեր գազից պաշտպանվելու համար ձեզ մոտ ունեցեք նվազագույն անհրաժեշտ պարագաները՝ դիմակ, ակնոց, ջուր։ Առավել արդյունավետ են ռեսպերատորով դիմակները։ Կարող եք ջրով թրջել թաշկինակը կամ անձեռոցիկը եւ պահել քթին ու բերանին։ Ցանկալի է, որ դարձյալ ունենաք երկարաթեւ հագուստ, իսկ եթե մի քանի շերտանի հագուստով եք, գազի կիրառումից հետո հանեք վերնահագուստը, քանի որ այն կարող է կլանած լինել վնասակար գազը։ Եթե օգտագործում եք լինզաներ, հանեք դրանք այն տարածքներում, որտեղ կարող է կիրառվել արցունքաբեր գազ, քանի որ աչքերը կարող են վնասվել։ Աչքերը, քիթը, բերանը լվացեք սառը ջրով․ տաք ջրով լվանալու դեպքում ծակոտիները լայնանում են, եւ գազը կարող է անցնել մաշկի մեջ։ Մի օգտագործեք տարատեսակ քսուքներ, դրանք թունավոր նյութերը ավելի երկար կպահեն մաշկի վրա։ Արցունքաբեր գազից պաշտպանվելու միջոցների մասին կարող եք կարդալ նաեւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրագրողների անվտանգությունը» գրքում։

Որքան էլ մեր օրգանիզմն ունի ինքնապաշտպանական ռեակցիաներ եւ տարբեր իրադրություններ հաղթահարելու հարցում մեզ օգնում է, այնուամենայնիվ, երբեմն մենք հայտնվում ենք անսպասելի սթրեսի իրավիճակում։

Մեր ուղեղում կա նշաձեւ մարմին՝ ամիգդալան, որը պատասխանատու է վախի զգացման համար։ Երբ ամիգդալան վտանգ է զգում, մեր ուղեղի կառավարումը վերցնում է իր ձեռքը։ Հենց ամիգդալան է, որ սթրեսի պայմաններում դրդում է մեզ գոյատեւել ամեն կերպ կամ պարզապես փախչել վտանգավոր տարածքից։ Եւ քանի որ դա տեղի է ունենում ինքնըստինքյան, մենք չենք կարողանում սառը դատել իրավիճակն ու գործել ռացիոնալ։

Սթրեսի ժամանակ արագանում է մեր շնչառությունը, արագանում է սրտի աշխատանքը, մարսողությունը կանգ է առնում, ուժեղանում է քրտնարտադրությունը, առաջանում է փշաքաղություն։ Հնարավոր է, որ մարդը չկարողանա կատարել ամենապարզ գործողություններ, ասենք՝ սեղանից գրիչ վերցնել։

Սթրեսային իրավիճակներում սովորաբար խորհուրդ է տրվում խոր շնչել եւ արտաշնչել։ Կան շնչառության տարբեր մեթոդներ, որոնք օգնում են կառավարել հույզերն ու վերադառնալ սթափ դատողությանը։

Շնչառություն 4-7-8 – Այս մեթոդի դեպքում հարկավոր է չորս վայրկյան ներշնչել, 7 վայրկյան պահել շունչը, 8 վայրկյան արտաշնչել։ Չորս վայրկյանում հարկավոր է ներշնչել քթով՝ միաժամանակ լեզվի ծայրը հպելով վերին ատամնաշարի հետնամասին։ Հարկավոր է արտաշնչել բերանով՝ շուրթերը Օ տառի պես պահած, որ արտաշունչը շվոցի ձայն ունենա։ Այս վարժությունը հարկավոր է կրկնել 4-8 անգամ։

Շնչառություն 4-4-4-4 – Այս վարժության ժամանակ հարկավոր է ներշնչել քթով չորս վայրկյան, շունչը պահել չորս վայրկյան, արտաշնչել չորս վայրկյան, շունչը պահել չորս վայրկյան։ Մտքում պատկերացրեք քառանկյուն։ Ամեն քայլ արեք՝ մտքում պատկերացնելով, որ անցնում ենք այդ քառանկյան անկյունների վրայով։ Այս վարժությունը հարկավոր է անել 1-5 րոպե։

 

Ասիմետրիկ շնչառություն – Այս վարժության ժամանակ հարկավոր է քթով ներշնչել մինչեւ երկու վայրկյանում, ապա արտաշնչել երկար՝ մինչեւ ութ-տասը վայրկյանում։ Այս վարժությունը հարկավոր է կրկնել մի քանի րոպե։

Սրանք վարժություններ են, որոնք կօգնեն կարճ ժամանակում հաղթահարել վախի, տագնապի զգացումները։ Փորձեք առօրյայում ուսումնասիրել ձեր մարմնի արձագանքները տարբեր սթրեսային իրավիճակներում, մտորեք այն մասին, թե ինչն է ձեզ հանդարտեցնում։ Այդտեսակ ինքնավերլուծությունը կօգնի ձեզ ընտելանալ ձեր օրգանիզմի արձագանքներին եւ անկանխատեսելի իրավիճակներում ավելի շուտ կողմնորոշվել։

Օգտակար վարժանք է լարված բողոքի ակցիաներից հետո աշխատանքի ընթացքը խմբագրակազմի հետ մանրամասն քննարկելը։ Փորձեք քննարկումների միջոցով վեր հանել այն սխալները, որոնք, ըստ ձեզ, թույլ եք տվել, գնահատեք՝ արդյոք հետեւել եք անվտանգության նորմերին, ռիսկի գոտում հայտնվե՞լ եք, թե՞ ոչ։ Մանրամասն հիշեք՝ բողոքի ակցիայի վայրում ֆիքսե՞լ եք բոլոր անվտանգ կետերը, ելքերը, ոստիկանների տեղակայման վայրերը, նկատե՞լ եք վտանգները կամ ձեր հանդեպ ագրեսիայի հավանականությունը, ուշադիր եղե՞լ եք ձեր թիմակիցների վիճակին, նրանց հետ կարողացե՞լ եք որոշումների կայացման փուլում ընդհանուր հայտարարի գալ եւ այլն։ Այս հարցերի պատասխանները, նման քննարկումները հետագայում կօգնեն առավել ուշադիր եւ զգոն լինել, նաեւ կօգնեն թոթափել ձեր հոգեբանական լարվածությունը։

Լարված աշխատանքի ընթացքում մեր օրգանիզմի պաշտպանական ազդակները հաճախ թույլ չեն տալիս զգալ լարումը, սակայն դրանք պոստ ֆակտում ազդեցություն կարող են ունենալ։ Մշտապես նկատի ունեցեք, որ որոշ իրավիճակներում ամենաճիշտ որոշումը մասնագետի աջակցությանը դիմելն է․ մի փորձեք թաքցնել ձեր զգացողությունները եւ երեւալ անկոտրում։ Ձեր առողջությունն առաջնահերթություն է։ Ի վերջո, եթե դուք հոգեպես կայուն եւ ֆիզիկապես պատրաստ ու անվնաս չլինեք, դրանից տուժելու է նաեւ ձեր մասնագիտական աշխատանքը։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.