Փորձ և խորհուրդ․ Պատերազմ լուսաբանելիս լրագրողների անվտանգությունը և կողմնորոշումը տեղանքում

Պատերազմ լուսաբանելիս լրագրողների անվտանգությունը և կողմնորոշումը տեղանքում

Հեղինակ՝ Գևորգ Թոսունյան

2020-ին Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրերն էին։ Հակառակորդը հարվածել էր Հայաստանի տարածքում գտնվող զորամասին ու քաղաքացիական ավտոբուսին։ Հարվածները եղել էին Սոթք համայնքի մոտակայքում։ Ես և իմ գործընկեր Գևորգ Հարոյանը հանձնարարություն ստացանք գնալ դեպքի վայր ու լուսաբանել կատարվածը։ Նախքան ճանապարհ մեկնելը մենք արդեն գիտեինք, որ հարվածները ԱԹՍ-ներից էին, իսկ վտանգը պահպանվում է․ Վարդենիսի օդում հետախուզական/հարվածային ԱԹՍ-ներ են պտտվում։

Երևան-Սևան ճանապարհին՝ Վարդենիսի մոտ, մենք սուր ու տարօրինակ ձայն լսեցինք՝ ԱԹՍ-ի ձայնին նմանվող, մեքենան կայանեցինք ու արագ թաքնվեցինք հարակից թմբերում։ Ձայնը կտրվեց, օդում ոչինչ չկար։ Շարունակեցինք վարել։ Ճանապարհին կրկին նույն ձայնը, որին նույնկերպ արձագանքեցինք, հետո զգալով, որ ոչինչ չկա, շարունակեցինք։ Այդպես մեկ անգամ ևս կրկնվեց, ձայնն այնքան ուժգին էր, որ թվում էր՝ ԱԹՍ-ն հենց գլխներիս վերևում է։ Հերթական անգամ նույն իրավիճակում հայտնվելուց հետո, մեքենայի ընթացքը չդադարեցրինք, դուրս հանեցի գլուխս ու նկատեցի, որ անիվներից է այդ ձայնը գալիս։ Երբ մեքենայի արագությունը բարձրանում էր, անիվներից սուր ձայն էր գալիս՝ նմանվելով ԱԹՍ-ի ձային։ Մենք այդ ողջ ընթացքում կարծել էինք, թե ԱԹՍ-ն մեզ հետապնդում է, իրականում՝ անիվներն էին սվում։

Եթե մենք ավելի վաղ մանրակրկիտ ուսումնասիրած լինեինք ԱԹՍ-ների ձայները, նման իրավիճակում չէիք հայտնվի։ Պատերազմի 15-րդ օրն արդեն մենք Ստեփանակերտից Հադրութի Տումի գյուղ էինք գնում՝ ԱԹՍ-ի ձայնը գլխավերևում, սակայն առանց այդաստիճան լարված վիճակի, առանց մեքենան կանգնեցնելու ու խուճապահար աջուձախ վազելու։ Սա դասերից մեկն էր՝ ճանաչել պատերազմի ձայներն ու ոչ միայն, ճանաչել անվտանգության նորմերը ռազմական բախումների «թատերաբեմում» աշխատելիս:

Ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանման համար ռազմադաշտում հայտնված Sky News-ի թիմի օրինակը լավն է՝ դիտարկելու համար անձանց գործողությունները կրակահերթի ժամանակ։ Լրագրողական թիմը մեքենայով մոտենում է արգելապատնեշներին, 0:29 վայրկյանին արձակվում է կրակ, սա կարող ենք դիտարկել նախազգուշական կրակ, ընդ որում՝ ուղիղ մեքենայի վրա, ոչ թե օդ։ Վարորդը, սակայն, ոչ թե մեքենան կանգնեցնում է կամ, ինչն ավելի ճիշտ կլիներ, հետադարձ իրականացնում ու լքում խոցելի տարածքը, այլ երթևեկությունն ուղիղ շարունակում։ Մի քանի վայրկյան անց նրանց վրա կրակահերթ է արձակվում։ Լրագրողները փորձում են ռուսերեն և անգլերեն բացատրել, որ իրենք հակամարտության լուսաբանողներ են՝ մտածելով, թե կրակողները ուկրաինական բանակից են, սակայն ապարդյուն։ Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն լինում, թիմը մեքենան լքում է ու փրկվում։
Այս տեսանյութի՝ 0:29-0:41-ի վայրկաններին, այսինքն՝ նախազգուշական կրակոցից հետո թիմը ժամանակ է ունենում իրավիճակից դուրս գալ, մինչդեռ նրանք սկսում են քննարկել, արդյոք կրակոցեր էր, թե՝ ոչ, մեքենայի ուղղությունը չեն փոխում և հայտնվում են կրակահերթի տակ։ Այս տեսանյութը մենք քննարկել ենք մի շարք զինվորականների, լրագրողների, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Առանձնացնում եմ խորհուրդները․
ա) յուրաքանչյուր իրավիճակում ուղիղ կրակի տակ հայտնվելիս, եթե այդ կրակոցը նախազգուշական է, պետք է փոխել երթևեկության ուղղությունն կամ էլ՝ առնվազն չգնալ այն ուղղությամբ, ինչը անում էիք նախքան նախազգուշական կրակը։
բ) ուղիղ կրակահերթի տակ հայտնվելիս, հնարավորության դեպքում մեքենան վարել հակառակ ուղղությամբ կամ լքել մեքենան՝ նկատի ունենալով, որ եթե ձեր ուղղությամբ ինքնաձիգով կրակում են, ապա դուք տեսանելի թիրախ եք։
գ) հակամարտող կողմերի շփման գծերին մոտենալիս՝ նախապես ճշտել զորքերի դասավորվածությունը։

Ակտիվ ռազմական գործողությունների վայր մեկնելիս կարևոր պայմաններից է վստահելի գործընկերը։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում մի քանի լրագրողներ մահացել էին Կիևի հյուսիսում գտնվող Իրպեն քաղաքում, քանի որ նրանք համարձակվել էին դուրս գալ ուկրաինական շփման գծից։ Սխալ որոշումը կայացրել էին թիմով։
Լրագրողները կամ օպերատորները պետք է հնարավորինս բաց ու անկեղծ լինեն իրար հանդեպ: Այն գործընկերոջ ներկայությունը, որի հետ աշխատում եք, լարված էլ ավելի կբարձրաձնի ձեր հոգեբանական անկայուն վիճակն ու կհանգեցնի բացասական հետևանքների ողջ թիմի համար։
Այնպես որ ռազմական գործողությունների ժամանակ ամենակարևոր ու բարդ խնդիրը լավ թիմն է։
Ռիսկի գնահատումը և վերջնական որոշման կայացումը պետք է կախված լինի ամենափորձառու աշխատակցից կամ ղեկավար լրագրողից/օպերատորից։
Մյուս կարևոր կանոնն է՝ չաշխատել մեծ խմբերով։ Հայ-ադրբեջանական հակամարտության վերջին տասը տարվա փորձը ցույց է տվել, որ լրատվամիջոցները հայտնվել են թիրախում, քանի որ ռազմական գործողությունների վայր են մեկնել ուղևորափոխադրող մեքենաներով։ Բացի այդ, նրանք ակտիվ ռազմական գործողությունների վայրերում շարունակել են խմբերով աշխատել, ոչ թե ցրված։
Ցրված ասելով՝ մենք նկատի չունենք՝ առանց հրահանգիչի վտանգավոր հատվածներ (օրինակ՝ ականապատ դաշտեր, չպայթած արկերով լցված հատվածներ) մեկնելը։
Մեծ խմբերով ակտիվ ռազմական գործողությունների վայր մեկնելու պրակտիկան դեռ 2016-ի չորսօրյա ռազմական բախումների ընթացքում ու դրանից հետո ակտիվ կիրառում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Մենք զրուցել են 2020-ի պատերազմի ժամանակ ակտիվ ռազմական գործողությունների վայր մեկնած մի քանի լրագրողների ու օպերատորների հետ, որոնք աշխատել են նման պայմաններում։ Նրանք բոլորը արձանագրել են, որ այդ պրակտիկայի պատճառով իրենք ավելի խոցելի են եղել։ Մեկ այլ օրինակ է, երբ տարբեր խմբերի հնարավորություն է տրվել մուտք գործել կոնկրետ համայնք, ինչը ևս ավելացրել է նրանց թիրախավորելու ռիսկը, ինչպես եղավ, օրինակ 2020-ի հոկտեմբերի 1-ին, երբ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական Զինուժի հրետակոծության թիրախում էր հայտնվել լրագրողների խումբը։ Պետք է նկատի նաև ունենալ․ հակառակորդը որպես կանոն միտումնավոր չի թիրախավորում լրագրողներին, այլ նրա թիրախում զինվորական խմբերն են, ենթակառուցվածքները կամ տեխնիկան (այս մասին ավելի մանրամասն կխոսենք հետագա շարադրանքում)։ Լրագրոողները, որպես կանոն, հայտնվում են թիրախում, երբ ընդհուպ մոտենում են հակառակորդի շփման գծին ու խրամատներին/տեղակայման վայրերին, այնաստիճան, որ հնարավոր է լինում նրանց թիրախավորել ինքնաձիգի միջոցով։

Կա մեկ այլ օրինակ, որը արձանագրվել է 2022-ի սեպտեմբերի 14-ին՝ Սոթք համայնքի տարածքում, երբ լրագրողական խումբը հայտնվել էր հրետակոծության թիրախում կամ հրետակոծության վայրին շատ մոտ։ Նկատի ունեցեք, որ ռազմական իրավիճակներում նման տեսանյութերը ու նման առիթները կողմը, տվյալ դեպքում հայկական կողմը, օգտագործում է քարոզչական նպատակով։ Մենք զրուցել ենք նաև այս դեպքի մասնակիցներից երկուսի հետ, նրանց անաչառ գնահատականը արժեքավոր է ու վստայելի հետևյալ փաստը ամրապնդելու համար՝ հակառակորդը հրետանային կամ անօդաչու թռչող սարքերի հարվածները մեծապես ուղղում է մեծ խմբերով աշխատող թիմերի ուղղությամբ։ Մեր զրուցակիցները պատմել են, որ նախքան հրետակոծությունը իրենց կառավարության համապատասխան աշխատակիցները տարել են մինչ այդ հրետակոծված մի հատված, այնուհետև մոտեցել են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ՝ մեքենաները կայանելով տարածքում։ Արդյունքում հավաքվել են մեծ թվով մարդիկ։ Տվյալ տեղանքի առանձնահատկությունն այն է, որ այն, ինչպես Սոթք համայնքը գտնվում է ցածրադիր հատվածում ու ադրբեջանական, ինչպես նաև հայկական դիրքերից շատ լավ տեսանելի են համայնքում տեղի ունեցող յուրաքանչյու շարժ։ Արդյունքում հակառակորդը սկսել է թիրախավորել այս տեղանքը։

Այս օրինակները փաստում են, որ խմբերով աշխատանքը որպես կանոն ավելի ռիսկային է, քան անհատական՝ փոքր խմբերով այցը ռազմական գործողության վայր։

Նախքան ակտիվ ռազմական գործողությունների վայր մեկնելը հարկավոր է

  1. Ուսումնասիրել տեղանքը, դրա ռելիեֆը, զորքերի դասավորվածությունը:
    Սա ռազմական գործողությունների մեկնարկում չափազանց կարևոր է։ Հետագայում զորքերի դասավորվածությունը կարող է փոխվել, սակայն նախքան մեկնելը հարկավոր է մուտք գործել Google earth կամ այլ համակարգ ու ուսումնասիրել տեղանքը։
  2. Ճշտել որտեղ են գտնվում զորամասը և զինվորական նշանակության այլ շինություններ։
    Այս տեղեկատվությունն այնքանով է կարևոր, որ հակառակորդը որպես կանոն առաջինը հարվածում է զորամասերին և զինվորական այլ կառույցներին (զինկոմիսարիատներ, շտաբեր, պահեստնել և այլն)։ 2022-ի սեպտեմբերի 14-ին Սոթքի վրա ադրբեջանական հարձակումը սկսվել է հենց զորամասից, վկայությունների համաձայն՝ առաջին հարվածը հենց զինվորական բազան է ստացել։ Զորամասի հարակից տները ամենաշատն են վնասվել (Լուսանկար 1)։

  3. Հարկավոր է նաև իմանալ, թե որտեղ են ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ենթակայաններ, կամուրջներ, երկաթուղային ուղիներ, մայրուղիներ, հեռուստաաշտարակներ և այլն։
    Այս վայրերը ռազմական գործողությունների որևէ փուլում դառնում են ուղիղ թիրախ՝ հրետակոծության կամ ԱԹՍ հարվածների համար։ Օրինակ՝ 2022-ին ուկրաինացի հեռուստաօպերատոր Եվգենի Սակունը (Yevhenii Sakun) սպանվեց Կիևի հեռուստաաշտարակի ուղղությամբ արձակված հրթիռների հետևանքով։ 2020-ի պատերազմի ժամանակ Ստեփանակերտի թիվ 10 դպրոցն ընդամենը 100 մետր հեռավորության վրա էր էլետրական ենթակայանից, որը ադրբեջանական հարձակման նպատակն էր։ Արդյունքում թիրախավորվել էր ու վնասվել նաև դպրոցը, ինչպես նաև ենթակայանի հարակից հատվածում գտնվող տնտեսական գործունեություն ծավալող շինությունները (Լուսանկար 2)։ Հակառակորդն անգամ ավիառումբ էր օգտագործել, որը ընկել էր տնտեսական գործունեություն ծավալող շինությունների տարածքում։ Այնպես որ տարածքը ճանաչելը, հատկապես ռազմական ու կենսական նշանակություւն ունեցող շինությունների վայրերը իմանալը չափազանց կարևոր է։

  4. Պետք է արձանագրենք, որ հակառակորդը որպես կանոն լրագրողին թիրախավորելու նպատակ չի հետապնդում, նրա համար ավելի քան կարևոր է զինվորական բազաները և ենթակառուցվածքները։ Լրագրողները, հայտնվելով այդ հատվածներում, ինքնաբերաբար դառնում են թիրախ։ 
  5. Հարկավոր է նաև արբանյակային լուսանկարների միջոցով հասկանալ, որտեղ են գտնվում զորքերը։ Sentinel Hub-ը թեև լավ որակի արբանյակային լուսանկարներ չի ապահովում, սակայն անվճար հարթակներից է, որի լուսանկարները բավականին թարմ են։ Այս հարթակի միջոցով կարող եք տեղեկանալ զորքերի դասավորվածության (խրամատների ու շինությունների միջոցով), ինչպես նաև միջդիրքային ճանապարհների մասին։
  6. Պետք է նաև ճշտել համայնքային շինությունների գտնվելու վայրերը։ Դրանք ևս հայտնվելու են թիրախում ռազմական գործողությունների որևէ փուլում, եթե ոչ՝ սկզբում։

Վերը խոսեցինք այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է ու հնարավոր է ճշտել նախքան ռազմական գործողությունների վայր գնալը, իսկ պատերազմական «թատերաբեմում» գտնվելիս հարկավոր է մի քանի տեղեկություն ճշտել։

  1. Գործող և այդ պահին ակտիվ կամ այդ պահին հանդարտ ռազմական գործողությունների վայրում լրագրողները իրենց իսկ սեփական անվտանգության համար պետք է ճշտեն հրետանու կամ ՀՕՊ միջոցների տեղակայման վայրերը։ Սա չափազանց կարևոր տեղեկատվություն է՝ հետագայում հրետակոծության կենտրոնում չհայտնվելու համար։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմների ընթացքում կիրառել են ու ցավալիորեն կիրառում են բավականին բացասական ու վտանգավոր մեթոդաբանություն․ հրետանային հաշվարկները կամ ՀՕՊ միջոցները տեղակայում են գյուղերում կամ գյուղերին շատ մոտ տարածքում։ Այս պրակտիկան բնորոշ է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հակամարտող կողմերին։ Հայաստանի դեպքում նման օրինակներ ունենք 2020-ի պատերազմի, 2021-ի մայիսյան ռազմական բախումների՝ Սյունիք Սև լճի հատվածում (Լուսանկար 3), ինչպես նաև դրանից հետո 2022-ի սեպտեմբերյան բախումների պարագայում, օրինակ, Սիսիանի Աղիտու գյուղի դեպքում, երբ հրետանին գյուղի կողքն էր տեղակայվել։ Կարևոր է արձանագրել, որ այս տեղեկությունը բացառապես լրագրողի ու իր գործընկերոջ օգտագործման համար է, արգելվում է այն փոխանցել հեռախոսի միջոցով։

  2. Ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ հրետանային տեխնիկան, եթե անգամ սքողված է, հնարավոր է նշմարել։ Սքողված լինելու դեպքում տեսանելի է փողը։ Բացի այդ, նման տեխնիկան որպես կանոն արդեն ունի իր տեղակայման վայրը, որը շատ դեպքերում մոտ է ճանապարհին, նախապես պատրաստված է, եթե ռազմական գործողությունները չեն անցել կողմերից որևէ մեկի թիկունք։ Ուստի հնարավոր է տեղորոշել նաև արբանյակային լուսանկարների միջոցով։ Իսկ տեղում լրագրողը կամ օպերատորը պետք է ուշադիր լինեն, որ նշմարեն հրետանային տեխնիկան՝ այդ պահին կամ հետագայում տվյալ տեղանքը չդիտարկելով աշխատելու վայր։ Այդ տեխնիկան տեսանելի է նաև ԱԹՍ-ների կողմից, ուստի դրանք ռազմական գործողությունների ընթացքում կարող են շատ արագ դառնալ թիրախ։
  3. Հարկավոր է նաև տեղում ճշտել ապաստարանների տեղակայումը, դրանք որպես կանոն դպրոցների, մանկապարտեզների կամ վարչական շենքերի ներքին հարկերում։
  4. Ակտիվ կամ գործող, սակայն այդ պահին հանդարտ ռազմական գործողությունների վայրում, եթե այն քաղաքային միջավայր չէ, բնական կարիքները հոգալիս պետք է ոչ մի դեպքում դուրս չգալ դեպի բաց դաշտերը։ Մեքենան կանգնեցրեք ճանապարհին և դուրս մի եկեք ասֆալտից։ Ծայրահեղ դեպքում՝ ճանապարհի հարակից հողային թմբերում, որոնք հենց ճանապարհի սպասարկման համար են։
  5. Հրետակոծության ժամանակ նման իրավիճակներում հողային թմբերը կարող են դիտարկվել որպես թաքստոց, պետք է հնարավորինս զգույշ լինել դաշտեր մտնելիս՝ նկատի ունենալով, որ տեղանքը կարող է ականապատված լինել կամ էլ խոտերի մեջ կարող են չպայթած արկեր լինել։
  6. Պետք է նաև հասկանալ, որ հրետանային արկի պայթունից բեկորներից վնասվելու աստիճանն ավելի մեծ է ասֆալտին ընկնելիս, քան հողի վրա։ Այնպես որ քաղաքային միջավայրում աշխատելիս հարկավոր է նախ տեղանքն ուսումնասիրել ու գտնել առավել հարմարավետ հատվածներ, որտեղ հնարավոր է արագ թաքնվել։ Այս տեսանկյունից առաջարկում եմ ուսումնասիրել Գազայում թուրք լրագրողի վիրավորման տեսանյութը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Լուգանսկի տարածքում միջազգային լրագրողների վիրավորման տեսանյութը։ Այս երկու դեպքում էլ հրետանային արկն ընկնում է ասֆալտին ու վնասում մի դեպքում առնվազն տասը մետր հեռավորության վրա գտնվող թուրք լրագրողին, մյուս դեպքում առնվազն երեք մետր հեռավորության վրա գտնվող լրագրողներին։ Միաժամանակ հողային պայմաններում լուսաբանելիս արկի հարվածը նման մեծ բեկորային վնասներ չի հասցնում։ Օրինակը ուկրաինական դրոնների կառավարչի քողարկման տեսանյութից։
  7. Պետք է նաև նկատի առնել, որ ծանր հրետանային տեխնիկայի (Սմերչ, Գրադ, Տոս և այլն) հարվածները բավականին ուժգին ձայն ունեն։ Մեր դեպքում թեև հարվածը մի քանի հարյուր մետրի վրա էր, սակայն ձայնի ուժգնությունն այնքան մեծ էր, որ թվում էր՝ մեզ մոտ են ընկնում արկերը։ Նման իրավիճակում ամենաճիշտ հնարավորինս արագ պաշտպանվելն է։
  8. Խորհուրդ է տրվում նաև ձայնագրել ողջ գործընթացը՝ հիշելով, որ այն ձայնագրում է, այսինքն՝ որևէ կադր տեսագրելիս, միգուցե պատահական սեղմեք դադարեցման կոճակը։ Առանձնապես պետք չէ կենտրոնանալ կադրերի որակի վրա՝ մտովի հիշելով, որ որևէ կադր լրագրողի կամ օպերատորի կյանքից թանկ չէ։

Պատերազմի ժամանակ չափազանց կարևոր է ճանաչել ձայները։ Քիչ դեպքերում է, որ հրետանու հարվածի վայրը կամ ԱԹՍ-ն տեսանելի է լինում։ Ձայների իմացությունը հնարավորություն է տալու արագ կողմնորոշվել ու ձեռնարկել անվտանգության միջոցներ։
Մենք խորհուրդ ենք տալիս խաղաղ պայմաններում ևս ականջներին սովորեցնել պատերազմի ձայները։ Առավել ևս ձայներ պետք է լսել ռազմական գործողությունների վայր մեկնելիս։
Պարզապես թելեգրամում առանձնացրեք հրետանային հարվածների և ԱԹՍ-ների մասին տեսանյութերը, որոնք ունեն ձայն։ Մեկ այլ դեպքում կարող եք Յութուբում կամ Գուգլում որոնումների միջոցով փնտրել ու գտնել նման տեսանյութեր։ Միացրեք ականջակալները և լսեք դրանք, որպեսզի ձեր ականջներին ծանոթ լինի պատերազմի «աղմուկը»։
Հրետանու ձայների դեպքում պետք է ճանաչել արձակվող ու պայթող հրետանային արկերի ձայները։ Երբ հրետանու հարվածը ձեզ մոտ է, լսվում է սվոց ու պայթուն։
Առաջարկում եմ լսել․

  1. Պայթող հրետանային արկերի ձայները
  2. Նոր արձակվող հրետանային արկերի ձայներ

Հրետանային հարձակման դեպքում մինչև 7 վայրկյան ժամանակ է լինում առավելագույնը, եթե արձակվել է Սմերչի հիթիռ ու անձը լսել է խուլ պայթուն իր գլխի վերևում։ Տվյալ դեպքում երկնքում Սմերչի հռթիռը բացվել է ու պայթուցիկ նյութերը ընկնում են․ մինչև 7 վայրկյան ունեք պատսպարվելու։
Եթե լրագրողական խումբը հայտնվել է հրետանային հարձակման թիրախային կետում, ապա որևէ ձայն լսելիս հարկավոր է արագ լքել մեքենան ու թաքնվել ճանապարհների հողային թմբերում, քաղաքային պայմաններում շենքերի ներսում կամ ջրատարերում՝ բերանը բաց պահելով, փորի վրա ձեռքերով փակելով գլուխը կամ վզի հատվածը։

Ականանետային և հրետանային հարձակումը պետք է  տարանջատել։ Եթե դուք հասկանում եք, որ ձեզ հարվածում են ականանետից, ինչ դժվար չէ հասկանալ՝ կախված զորքերի դասավորվածությունից ու առաջին հարվածի պայթունի ուժգնությունից, ապա հարկավոր է արագ լքել տվյալ տեղանքը, քանի որ ականանետային հաշվարկը ֆիքսել է ձեզ ու հարվածներ է ուղղում։
Հրետանային հարվածների դեպքում, օրինակ, Գրադից, Սմերչից կամ ավելի վատ՝ ՏՈՍ-ից, ամենաճիշտը թաքնվելն է, ոչ թե փախչելը․ հրետանային հաշվարկը որպես կանոն արձակվում է մի քանի համազարկով՝ թիրախավորելով կոնկրետ տեղանք։ Այսինքն՝ եթե առաջին հարվածն է եղել, նշանակում է, որ դրան հաջորդելու են մի քանիսը նույն տեղանքում՝ մի քանի տասնյակ ու կամ հարյու մետր շառավղով։ Այսինքն՝ նման պայմաններում փախուստը կարող է վտանգել ձեր կյանքը, թաքնվելը՝ փրկել (Օրինակ՝ Հետքի և Բարս մեդիայի լրագրողական թիմերը հայտնվում են հրետանային հարձակման կիզակետում)։ 

Անօդաչու թռչող սարքերի դեպքում էլ պետք է տարբերակել հետախուզական/հարվածային ու ինքնակործանվող ԱԹՍ-ների ձայները։

Բայրաքթար ԱԹՍ-ների դեպքում ձայնը լսելի չէ, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ մեծամասամբ կիրառվում էին այլ տեսակի ԱԹՍ-ներ, որոնց հնարավոր էր լսել։
Առաջարկում ենք լսել․

  1. Ինքնակործանվող հարվածային (կամիկաձե) ԱԹՍ-ի  ձայնը խուզարկության ժամանակ ու հարձակման անցնելիս,
  2. Հետախուզական ԱԹՍ-ների ձայները։

    Կամիկաձե ԱԹՍ-ի ձայնի դեպքում բավականին ժամանակ լինում է, որպեսզի անվտանգ վայրում պատսպարվեք։ Նրա ձայնը շատ արագ փոխվում է, ուժգնանում ու ավելի ագրեսիվ դառնում, որից հետո այն հարվածում է թիրախին։

Փոքր ականներ կամ նռնակներ պարունակող ԱԹՍ-ների դեպքում հնարավոր է լսելի լինի ականի արձակման պահը։ Այն շատ նման է նռնակի ակտիվացման ձայնին, որը խուլ կերպով լսելի կլինի գլավերևում (Օրինակ 1, օրինակ 2)

Այս բոլոր դեպքերում անվտանգ չէ պատսպարվել․

  • Կայանած մեքենաների մեջ,
  • Ենթակառուցվածքների մոտ,
  • Համայնքային շենքերում,
  • Կամուրջների տակ,
  • Երկաթգծի մոտ,
  • Խմբերով։

Ընդհակառակը պետք է․

  • Հեռու գնալ զինվորական մեքենաներից,
  • Հեռու մնալ ենթակառուցվածքներից,
  • Նկարահանումները շարունակել ապաստարաններում։

Պետք է նկատի ունենալ, որ ակտիվ ռազմական գործողությունների վայրերում նկարահանումներ իրականացնելիս գրեթե միշտ լսելի է լինելու հետախուզական ԱԹՍ-ի ձայնը։ Այս դեպքում ուշադիր հարկավոր է զննել տեղանքը՝ ուսումնասիրել զինվորականների տեղաշարժը, տեխնիկայի տեղակայումը, ենթակառուցվածքները։ Նկատի է պետք ունենալ, որ հետախուզական ԱԹՍ-ներին հաջորդելու է հրետանային հարվածները տվյալ տեղանքի թիրախներին։

Արցախյան վերջին պատերազմը ուշագրավ էր նաև թիրախ հանդիսացող օբյեկտների տեսանկյունից։ Պատերազմի ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ հակառակորդը, տվյալ դեպքում ադրբեջանական զինուժը թիրախավորել է խորհրդանշական շինությունները կամ օբյեկտները։ Օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Մեկ այլ դեպքում, ինչպես մենք էինք արձանագրել, հակառակորդը ԱԹՍ-ով թիրախավորել էր Շուշիի հայտնի տանկը, որը բավականին կարևոր հոգևոր արժեք ուներ արցախցիների համար։ Մեր տեսանյութում կամիկաձեի հարձական անցնելու ձայնը լսելի է։ Այսինքն՝ անկախ, թե ձեր զրուցակիցը որտեղ է ցանկանում նկարահանվել, պետք է հաշվի առնեք այդ պահին հակամարտող կողմերի թիրախավորման կետերը։
Իմացեք, որ ԱԹՍ-ի համար դուք էական արժեք չունեք։ ԱԹՍ կառավարող օպերատորը փնտրում է զինտեխնիկա կամ զինվորական շարասյուներ, առավել ևս ԱԹՍ օպերատորը ուշադրություն է դարձնում պատրաստի ու գործող վիճակում գտնվող զինտեխնիկային (Օրինակ՝ նույն տեղանքում կարող են տեղափոխվել հրետանիներ՝ ճանապարհով, իսկ ճանապարհից ոչ հեռու գործի հրետանային հաշվարկ)։

Հրետակոծության ժամանակ կարևոր է նաև իրերը միշտ մոտիկ պահել։ 2012-ին Սիրիայում հրթիռի հարվածից սպանվեց բրիտանացի լրագրող Մարի Քոլվինը (Marie Colvin): Ըստ CNN-ի նա մահացավ՝ փորձելով հագնել իր կոշիկները։ Սիրիայում ընդունված է, որ շենք մուտք գործելուց հարկավոր է հանել կոշիկներ։ Լրագրողը մուտք է գործել ժամանակավոր լրագրողական կենտրոն։ Նա եղել է ներքին հարկում, երբ հրթիռները հարվածել են վերին հարկին։ Մտածելով, որ շինությունը դարձել է թիրախ, լրագրողը շտապել է հագնել իր կոշիկները, այդ ժամանակ հրթիռը հարվածել է նրան շատ մոտ։

  • PRESS տարբերանշանը որոշ դեպքերում լրագրողները չեն կրում, քանի որ այդկերպ թիրախ են դառնում։ Ռուսական զորքը հաստատ կկարկի ձեզ վրա, եթե տեսնի նման տարբերանշանով պտտվելիս։
  • Շատ դեպքերում, օրինակ, սաղավարտի կրումը կարող է ապարդյուն լինել, երբ պետք է արագ տեղաշարժվել, նույնը նաև պաշտպանիչ բաճկոնի մասին։ Սաղավարտը կրելիս էլ առանց ամրակապելու, նույնն է, ինչ չկրելը։
  • Զինվորական զրահաբաճկոններ կրելը կամ բանակի գույներին մոտիկ զրահաբաճկոնով շրջելը վտանագավոր է։ Եթե անգամ այլընտրանք չունեք, ուշադիր եղեք զրահաբաճկոնի միջի պաշտպանիչ շերտին, այլ կերպ ասած՝ քարերին։ Զինվորները երբեմն դրանցից մեկը կամ երկուսը հանում են։
  • Վտանգավոր տեղանք մեկնելիս, եթե երկու և ավելի մեքենայով եք տեղաշարժվում, հարկավոր է իրարից մեծ հեռավորություն պահել։
  • GPS հետևելու սարքը կարող է օգտակար լինել։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.