Նախնական պլանավորում խմբագրությունում

Նախնական պլանավորում խմբագրությունում

Շատ հաճախ բողոքի ակցիաների կամ հանրահավաքների մասին դրանց կազմակերպիչները նախապես հայտարարում են, սակայն լինում են նաեւ ինքնաբուխ հավաքներ, որոնց անցկացման վայրի, ժամի, կազմակերպիչների մասին տեղեկությունները համացանցի շնորհիվ շատ արագ տարածվում են։ Ուրեմն, մինչեւ գործողության վայր գնալը հարկավոր է նախնական պլանավորում ունենալ, ինչը կօգնի առավել համակարգված եւ ապահով աշխատել բողոքի ակցիայի վայրից։

Ինչպես ցանկացած այլ թեմա, այնպես էլ բողոքի ակցիա լուսաբանելիս կարեւոր է, որ լրագրողը (գործուղվող թիմը) նախապես ծանոթ լինի ոչ միայն ակցիայի բովանդակությանը, բարձրացվող խնդիրներին, իմանա կազմակերպիչներին, տեղյակ լինի նրանց հայտարարություններից եւ դրանց արձագանքներից, այլ նաեւ որոշակի պատկերացում ունենա ակցիայի մասնակիցների տրամադրությունների մասին (որոշ դեպքերում դա հնարավոր է, որոշ դեպքերում՝ անկանխատեսելի)։

Մինչեւ բողոքի ակցիայի վայր մեկնելը խմբագրությունում կարելի է անցկացնել քննարկում՝ ինչպես է լուսաբանվելու այն, խմբագրակազմից ում հետ է մշտական կապի մեջ լինելու դրսից աշխատող լրագրողը (գործուղվող թիմը), ինչ ճանապարհով է փոխանցվելու տեղեկությունը (բազմամարդ հավաքներում ինտերնետ կապը կարող է չաշխատել, եւ կարիք լինի հեռախոսային կապով փոխանցել տեղեկությունը), եւ այլն։

Infocom-ի խմբագրությունում բողոքի ակցիաներ լուսաբանելու գնացող լրագրողը (գործուղվող թիմը) մշտական կապի մեջ է լինում ոչ միայն խմբագրի, այլ նաեւ խմբագրությունից աշխատող «աջակցող» լրագրողի հետ, որը ուղիղ հեռարձակումները պահում է ուշադրության կենտրոնում, որպեսզի լրագրողի հետ կապը կորցնելու դեպքում խմբագրակազմը կարողանա արագ որոշումներ կայացնել (փնտրել լրագրողի հետ կապ հաստատելու ձեւեր, մեկնել ակցիայի վայր, եթե կա տեղեկություն, որ իրավիճակը լարված է)։

Կարեւոր է, որ լուսաբանման մեկնող թիմի անդամները որոշակի ներդաշնակեցման փուլով անցնեն՝ միասին պլանավորեն աշխատելու ընթացքը, որոշումների կայացման մեխանիզմները, հնարավոր տարբեր զարգացումների դեպքում քայլերի հաջորդականությունը, եւ այլն։ Նախընտրելի է, որ գործուղվող թիմի անդամները միասին աշխատելու փորձառություն ունենան, հակառակ պարագայում ցանկալի է, որ ծանոթանան միմյանց հուզական եւ ֆիզիկական վիճակին։ Մինչեւ բողոքի ակցիա լուսաբանման մեկնելը լրագրողն (գործուղվող թիմը) ինքն իր հետ, ապա եւ խմբագրի հետ պետք է քննարկի՝ արդյոք զգացմունքային կայուն վիճակո՞ւմ է եւ պատրա՞ստ է զգայուն իրավիճակում աշխատել։ Պետք է հասկանալ՝ արդյոք վերջին ամիսներին լրագրողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եղե՞լ է այնպիսին, որ թույլ տա նոր ծանրաբեռնված եւ վտանգավոր իրավիճակում աշխատել, արդյոք լրագրողը ունի՞ բավարար մասնագիտական (եւ ոչ միայն) հմտություններ՝ լարված եւ/կամ վտանգավոր իրավիճակներում աշխատելու համար:

Եթե կասկած ունենաք, որ պատրաստ չեք լուսաբանման մեկնելու, ապա անպայման բարձրաձայնեք դրա մասին՝ խուսափելու հետագա բարդություններց։ Հնարավոր է, որ առաջին հայացքից ձեզ թվա, թե ձեր հուզական վիճակը կայուն է, եւ դուք պատրաստ եք լարված իրավիճակում աշխատանքին։ Սակայն նկատի ունեցեք, որ առանց հանգստի տեւական ժամանակ աշխատելը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող են զգացնել տալ փոքր իսկ խթանի դեպքում, օրինակ՝ բորբոքված ցուցարարի կոպիտ արտահայտությունները կարող են գրգռել ձեր նյարդերը եւ այլն։ Փորձեք հիշել՝ արդյոք վերջին շրջանում դյուրագրգիռ չե՞ք եղել, սթրեսային իրավիճակներում կարողացե՞լ եք կառավարել ձեր հույզերը, չունե՞ք այնպիսի անձնական խնդիրներ, որոնք կարող են ծանրաբեռնել ձեր միտքը եւ շեղել ուշադրությունը, արդյոք թիմի հետ աշխատանքային հարաբերությունները կայո՞ւն են, եւ այլն։

Այսպիսով, բողոքի ակցիաներ լուսաբանելու գնալուց առաջ կազմեք ռիսկի գնահատման անհատական պլան։ Դրա համար հարկավոր է պատասխանել մի քանի հարցի․

Ով

ովքեր կան ձեր թիմում, նրանք ինչ պարտականություններ եւ հմտություններ ունեն։ Քննարկեք պարտականությունների փոփոխության հարցը։ Մտածեք, թե ում կարող եք հանդիպել այն վայրում, ուր գնում եք։

Այս պարագայում մինչեւ հանրահավաքի/բողոքի ակցիայի անցկացման վայր գնալը քննարկեք, թե ձեր թիմի անդամներից յուրաքանչյուրն ինչ պարտականություն եւ պատասխանատվություն ունի, օրինակ՝ լուսանկարիչը եւ լրագրողը ողջ ընթացքում աշխատում են իրար մոտ տարածությունից, նրանցից ոչ ոք ռիսկի չի դիմում ավելի լավ կադր ունենալու կամ ավելի լավ հարց տալու համար։ Հստակ որոշեք, թե թիմից ով է որոշումներ կայացնելու լարված իրավիճակներում, եւ պայմանավորվեք, որ այդ որոշումները չեն քննարկվելու․ օրինակ, եթե թիմի պատասխանատուն պնդում է, որտեղանքն ապահով չէ աշխատանքի համար, եւ պետք է այդտեղից հեռանալ, ապա գործընկերները հետեւում են այդ որոշմանը։ Հաշվի առնելով, որ կարող են լինել անկանխատեսելի իրավիճակներ, պլանավորեք նաեւ, թե պարտականությունների փոփոխության դեպքում ով ինչ գործառույթներ է ստանձնելու, դա վերաբերում է նաեւ որոշումներ կայացնող անձի փոփոխությանը։

Ծանոթանալով բողոքի ակցիայի կազմակերպման մասին տեղեկություններին՝ քննարկեք, թե ովքեր են նախաձեռնողները, քաղաքական ինչ հայացքներ ունեցող անձինք են նրանք, կա՞ն հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց հետ կարող եք հարցազրույց ունենալ, փորձեք ճշտել՝ արդյոք իրավապահները հանրահավաքի/ակցիայի վայրում ծառայություն իրականացնելո՞ւ են, երթերն ուղեկցելո՞ւ են (այդ մասին տեղեկությունները կարող եք շտել Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից)։

 

Ուր եք գնալու․ ծանոթացեք աշխարհագրական դիրքին, եղանակային պայմաններին։ Քննարկեք, թե որտեղ կարող եք մտնել, եւ որտեղ ոչ, տեղին առնչվող ինչ կարեւոր գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։

Ուսումնասիրեք բողոքի անցկացման վայրի քարտեզը։ Համացանցը դրա համար լայն հնարավորություններ է տալիս․ եթե երբեւէ չեք եղել այդ վայրում, կարող եք Google համակարգի քարտեզի արբանյակային պատկերներով մանրամասն ուսումնասիրել տարածքի օբյեկտները, ճանապարհները եւ այլն։ Google քարտեզի street view գործիքը հնարավորություն կտա տեղանքը դիտել 360 աստիճան լուսանկարներով։

Սովորաբար, երբ բողոքի ակցիաները կազմակերպվում են կառավարական շենքերի մոտ, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում դրանց հարակից տարածքում, փակում է մուտքերը, կանգնեցնում է շենքերի մոտ գտնվող փողոցների երթեւեկությունը, ուստի հնարավոր է, որ բողոքի անցակցման վայր հնարավոր չլինի գնալ տրանսպորտային միջոցներով, եւ կարիք լինի քայլելու, ինչպես նաեւ պետական շենքերին մոտենալ կամ ներս մտնել առհասարակ հնարավոր չլինի, նույնիսկ եթե պետական կառույցներում հավատարմագրված լինելու վկայական ունեք։

Ինչու եք գնում այդտեղ, որոնք են ձեր նպատակները, դրանք հստա՞կ են, հասկանալի՞ են, որոշակի՞ են, քննարկեք, թե ինչ պետք է ստանաք եւ ինչպես։

Խմբագրակազմի եւ գործուղվող թիմի հետ մանրամասն քննարկեք, թե ինչ նյութ եք նախատեսում պատրաստել, ում հետ եք զրուցելու, ինչ եք լուսանկարելու կամ տեսանկարահանելու, թիմի անդամներից յուրաքանչյուրն ինչ առաջադրանք ունի, ինչ ծավալի բովանդակություն եք հավաքելու։

– Ինչ․ ինչ առարկաներ եւ սարքեր են ձեզ պետք լուսաբանման եւ անվտանգ լինելու համար։ Ձեզ մոտ եղած սարքերը, առարկաները կարո՞ղ են ավելացնել ձեր ռիսկի մակարդակը։

Քննարկեք, թե ձեր նախատեսած աշխատանքի եւ կանխատեսած արդյունքի համար ինչ սարքեր եւ տեխնիկա է հարկավոր՝ ձայնագրիչ, տեսախցիկ, դրա համար նախատեսված աքսեսուարներ (շտատիվ, հավելյալ օբյեկտիվ), պայուսակներ, առաջին օգնության պարագաներ, տաք հագուստ, ջուր եւ այլն։ Վերլուծելով Հայաստանում տարբեր տարիների եղած բողոքի ակցիաները՝ կարող ենք փաստել, որ դրանց մասնակիցները ոչ միշտ են հանդուրժող լրագրողների աշխատանքի  հանդեպ եւ հիմնականում չեն սիրում հայտնվել օբյեկտիվի ուղիղ կենտրոնում։

Բայց մեր ժամանակներում որակյալ, հագեցած լրագրողական աշխատանքների համար պարտադիր չէ ունենալ մեծ ու ծանր տեխնիկա։ Այժմ սմարթֆոնները լայն հնարավորություններ ունեն՝ դրանցով հնարավոր է թե ձայնագրել, թե բարձր որակի նկարահանում իրականացնել։ Ուստի ձեր ուղղությամբ հավելյալ բացասական  ուշադրություն չկենտրոնացնելու համար մեծ ու տեսանելի տեխնիկան կարող եք փոխարինել ավելի կոմպակտ սարքերով, որոնք չեն նյարդայնացնի մարդկանց եւ թույլ կտան ավելի ապահով իրականացնել մասնագիտական գործունեություն։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.