Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ գլոբալ է՝ տնտեսությունը, մշակույթը, մեդիան։ Դավադրության տեսությունները բացառություն չեն։ Այս պատումները հաճախ ճանապարհորդում են երկրից երկիր՝ պահպանելով հիմնական միտքը, բայց ձեռք բերելով տվյալ երկրին հատուկ համատեքստ։
Դավադրության տեսությունների նման կենսունակությունը պայմանավորված է նրանով, որ դրանք թիրախավորում են մարդկանց բազային էմոցիաները՝ վախը, անհանգստությունը, ընկճվածությունը։ Դրանք նաև կերտում են գլխավոր մեղավորի կերպար, որի գործողություններով կարելի է բացատրել ցանկացած խնդիր։ Իսկ մարդկանց խնդիրները աշխարհի տարբեր ծայրերում հաճախ շատ նման են՝ սոցիալական անհավասարություն, անկանխատեսելի բնական աղետներ և այլն։
Ակնհայտ օրինակը, իհարկե, Covid-19-ի համավարակի ժամանակ տարածվող ԴՏ-ներն էին։ Covid-ը համաշխարհային խնդիր էր և իդեալական պայմաններ էր ստեղծում ԴՏ-ների տարածման համար։ Նոր, անծանոթ սպառնալիքի պայմաններում մարդիկ անհանգստացած և վախեցած էին, իսկ հավաստի տեղեկությունը չափազանց սուղ էր։
Մինչ գիտնականները հետազոտում էին նոր վիրուսը և դրա դեմ պատվաստումներ մշակում, հայտնվեցին արագ (բայց ոչ հիմնավորված) բացատրություններ։ Ասում էին՝ Covid-19-ը ոչ թե կենդանական ծագում ունեցող վիրուս է, այլ «կենսաբանական զենք», որ ստեղծվել է կառավարության կողմից մարդկանց վերահսկելու կամ երկրագնդի բնակչությունը կրճատելու համար։ Թեև այս պատումը տարածվեց աշխարհով մեկ, դրա մանրամասները փոփոխվում էին երկրից երկիր՝ կախված համատեքստից։ Այդպես, եթե ԱՄՆ-ում շատերը հավատում էին, որ Չինաստանի կառավարությունն է ստեղծել «կենսաբանական զենքը», ապա Ռուսաստանում հակառակը՝ կոնսպիրոլոգները վստահ էին, որ ԱՄՆ Սպիտակ տունն է կանգնած ամեն ինչի ետևում։ Հայաստանում էլ ԴՏ-ների մի հետևորդ կարծում էր, որ համավարակը ստեղծել է «համաշխարհային ստվերային կառավարությունը», որի նպատակն է «մարդկանց վախը կուլմինացիայի հասցնելով՝ պարտադրել բոլոր երկրներին պատվաստել իր բնակիչներին»։
Covid-19-ի ծագումը «բացատրելուց» հետո ԴՏ-ների հետևորդները անցան վիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցին՝ պատվաստումներին։ Հակապատվաստումային պատումները հիմնականում կառուցվում էին նույն մտքի շուրջ. պատվաստումները վտանգավոր են և ստեղծվել են չար, զորեղ մարդկանց կողմից երկրի բնակչությունը կրճատելու կամ կառավարելու համար:
Բոլորս, թերևս, հիշում ենք միլիարդատեր Բիլ Գեյթսի «չիպերը», որ պատվաստումների միջոցով, իբր, ներարկվում էին ոչինչ չկասկածող անմեղ մարդկանց։ Նույն պատումի մեկ այլ տարբերակում ներարկում էին «նանոբոտեր», որոնք մարդկանց պետք է վերածեին կիբոռգների և կառավարեին նրանց մտքերը։
Ժամանակակից աշխարհում համացանցը սահմաններ չի ճանաչում, մի երկրում հայտնված դավադրապաշտական նյութը կարող է վիրուսային արագությամբ տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Հայաստանում նման պատումները հաճախ տարածվում են հետևյալ եղանակով. անգլալեզու սոցցանցերում հայտնվում է դավադրապաշտական որևէ նյութ, հանրահռչակ նյութերը ռուսալեզու օգտատերերը թարգմանում են և տարածում ռուսերենով, իսկ ռուսերեն տարբերակներն էլ ակտիվորեն սպառում ու տարածում են մեր հայրենակիցները։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.