Պատերազմի, զինված բախումների և ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների վարքի ուղեցույց

Պատերազմի, զինված բախումների եւ ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի ուղեցույց․ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կողմից 2021թ․ ստեղծված այս ուղեցույցը նախատեսված է  պատերազմական իրավիճակներ, զինված բախումներ և ներքին հակամարտություններ լուաբանող լրագրողների և լրատվամիջոցների համար։ Ուղեցույցի նպատակն է բարձրացնել լրագրողների և ԶԼՄ-ների անվտանգության, պատասխանատվության և մասնագիտական էթիկայի մակարդակը։
Փաստաթղթի հիմնական ուղերձները համակարգված են երեք խոշոր բաժիններում՝ էթիկական սկզբունքներ, երկընտրանքներ և անվտանգության միջոցառումներ։ Մենք առանձնացրել ենք որոշ սկզբունքներ, իսկ ուղեցույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Այս բաժնում շեշտադրվում է հավստիության ու ճշգրտության, փաստերի և կարծիքների տարանջատման, անաչառության և անկողմնակալության կարևորությունը։

Հավաստիություն եւ ճշգրտություն
Հատկապես պատերազմական պայմաններում խիստ կարևորվում է ստուգված և հավաստի տեղեկությունների հրապարակումը՝ տեղեկությունների աղբյուրներին հղումով: Միայն բացառիկ դեպքերում է պետք կիրառել աղբյուրը չբացահայտելու սկզբունքը: Խորհուրդ է տրվում լուսանկարների և տեսանյութերի բովանդակությունը փոխող տեխնիկական միջամտություններ չանել, բացառությամբ՝ եթե անհրաժեշտ է քողարկել մարդկանց դեմքերը կամ սահմռկեցուցիչ պատկերները և կամ զինված բախումների գոտու դիրքերն ու մարտական տեխնիկան։

Անաչառություն եւ անկողմնակալություն
Լրագրողները պետք է զերծ մնան ներքին հակամարտությունների ժամանակ հավաքներին, իսկ պատերազմի ժամանակ՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից: Ինչ վերաբերում է տուժածներին օգնելուն՝ ի հաշիվ մասնագիտական պարտականությունների ժամանակին կատարման, դա կոնկրետ իրավիճակում կոնկրետ լրագրողի և խմբագրության բարոյական ընտրության հարց է։ Մարտական գործողություններին զենքով մասնակցելու դեպքում լրագրողը կորցնում իր հատուկ կարգավիճակը ու զրկվում է միջազգային հումանիտար իրավունքով նախատեսված պաշտպանությունից: 

Երկընտրանքներ բաժինն անդրադառնում է այնպիսի կարևոր դիլեմաների, ինչպիսիք են՝ մարտական գործողությունների գոտի մեկնելու որոշումը, հանրային նշաակություն ունեցող ռազմական գաղտնիքի հրապարակումը, անհետ կորածների և ռազմագերիների տվյալների տարածումը, զոհվածների մարմինների լուսանկարների հրապարակումը և այլն։ 

  • Մեկնե՞լ, թե՞ չմեկնել մարտական գործողությունների գոտի.
    Սա պետք է լինի լրագրողի անձնական որոշումը՝ առանց խմբագրության ճնշման: Խորհուրդ է տրվում նախապես ձեռք բերել պատերազմական պայմաններում աշխատելու հմտություններ:
  • Հրապարակե՞լ ռազմական գաղտնիքը, եթե այն հանրային նշանակություն ունի։
    Եթե լրագրողի ու լրատվամիջոցի համար ակնհայտ է, որ իրենց ռազմական գաղտնիք են հայտնել, ապա որոշում կայացնելուց առաջ հարկ է լրջորեն քննարկել հրապարակելու կամ չհրապարակելու դրական և բացասական կողմերն ու հասարակական պահանջը՝ առաջնորդվելով տևական հանրային շահի պաշտպանության սկզբունքով: 
  • Հրապարակե՞լ զոհվածների մարմինների լուսանկարները կամ տեսանյութ այդ մասին։
    Հրապարակելը ցույց կտա պատերազմի և զինված հակամարտության սարսափները, սակայն կարող է նաև մարդկանց հոգեկան տառապանք պատճառել: Հրապարակելու դեպքում պետք է այնպես քողարկել դեմքերը, որ անձը չնույնականացվի։ Նաև ցանկալի է վերնագրում նախազգուշացնող տեքստ ներառել։
  • Հրապարակել միայն պաշտոնակա՞ն տեղեկություններ, թե՞ նաեւ այլ աղբյուրներից ստացածը:
    Պատերազմական իրավիճակներում պետությունը հաճախ պահանջում է հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ, սակայն հանրությունը նաև այլ աղբյուրներից տեղեկանալու իրավունք ունի։ Իրադարձությունների վայրում աշխատող լրագրողը կարող է ներկայացնել իր արձանագրածն ու այլ աղբյուրներից ստացածը՝ պահպանելով որակյալ լրագրության սկզբունքները։
  • Հրապարակե՞լ անհետ կորածների, ռազմագերիների, գերեվարվածների լուսանկարներ եւ այլ անձնական տվյալներ։
    Ռազմագերիների և գերեվարված անձանց անվտանգության հանրային շահը գերակա է, մանավանդ եթե նկատի առնենք, որ հակառակորդը կարող է հրապարակված տվյալներն օգտագործել քաղաքական և այլ մանիպուլյացիաների նպատակով։ Անձնական տվյալների տարածումը կարող է թույլատրելի լինել, եթե անձի համաձայնությունը ստանալու անհնարինության պարագայում, առկա է նրա ընտանիքի անդամների համաձայնությունը: Այնուամենայնիվ, պետք է համոզվել, որ հարազատները գիտակցում են անձնական տվյալների հանրայնացման հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերն ու հետևանքները։

Ռազմական գործողությունները ենթադրում են նաև որոշակի անվտանգության կանոններ և միջոցառումներ:

Պատերազմական գործողություններն ու զինված հակամարտությունները լուսաբանող լրատվամիջոցներին խորհուրդ է տրվում պատերազմի գոտի ուղարկել նախապես վարժանք-դասընթացներ անցած լրագրողի։

Լրագրողներին խորհուրդ է տրվում.  

  • Անպայման իր հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, լրագրողի վկայական, կրել տարբերակիչ արտահագուստ, իսկ պատերազմի գոտում՝ զինվորական համազգեստից տարբերվող հագուստ` PRESS նշումով:  
  • Առաջանագծում չօգտագործել բջջային հեռախոս և ժամանակակից կապի այլ միջոցներ: Դրանք, ինչպես նաև լուսանկարչական, տեսանկարահանման սարքերը կարող են նոր տեխնոլոգիական զենքերի ուղղորդիչներ դառնալ: Եթե հնարավոր չէ հեռախոսը անջատել, հարկավոր է դնել Airplane mode-ի վրա և անջատել գեոլոկացիան։
  • Կարևոր է տեղանքին ծանոթ լինելը, օրինակ՝ ապաստարանների դիրքին, վայրին, արագ կողմնորոշվել, թե որ տարածքը կարող է անվտանգ լինել, և ինչ կարելի է անել ռմբակոծության կամ հարձակման դեպքում: 
  • Չկուտակվել մեկ տարածքում, խուսափել մեծ խմբով պատերազմի դաշտում աշխատելուց․ այդ դեպքում մեծանում է թիրախավորվելու հավանականությունը: Սա կարևոր է հատկապես ռազմավարական օբյեկտների տարածքում գտնվելիս, օրինակ՝ զորամաս, ՊՆ, կառավարության, նախագահական և այլ շենքերը, որոնց թիրախավորվելու հավանականությունը շատ ավելի մեծ է:  
  • Մեքենան պետք լինի մուգ գույների, որպեսզի թիրախավորվելու հավանականությունը քչանա, իսկ մեքենայի արագությունը պետք է կայուն չլինի՝ անօդաչու թռչող սարքերի թիրախ չդառնալու համար: Խորհուրդ է տրվում խուսափել ճանապարհից մարդ վերցնելուց։ 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.